среда, 6 августа 2014 г.

«ՀԱՊԿ-ի աջակցության կարիքը Հայաստանը չունի». Սեյրան Օհանյան

Հակառակորդի դիվերսիոն վերջին գործողություններն անհանգստություն են առաջացրել նաև միջազգային հանրության շրջանում, ինչի մասին են վկայում ԱՄՆ պետքարտուղարության, ՌԴ ԱԳՆ-ի և այլ միջազգային կառույցների հայտարարությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարը սահմանային լարված իրավիճակի հետ կապված արդեն հասցրել է զրուցել մի շարք երկրների դեսպանների հետ՝ ԱՄՆ-ի,Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև Վրաստանի պաշտպանության նախարարի հետ: Քննարկումներ, զրույցներ են եղել նաև ՀԱՊԿ շրջանակում, որոնք չգաղտնազերծվեցին:
Հարցին՝ միթե ՀԱՊԿ-ը չպե՞տք է հանդես գար հայտարարությամբ, երբ հարձակումներ են իրականացվում դաշինքի անդամ պետության նկատմամբ, Սեյրան Օհանյանն արձագանքեց.
«Ինչ վերաբերում է իրավիճակի դատապարտմանը և ճիշտ գնահատական տալուն, ապա սա պետք է վերաբերի ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլև բոլոր կազմակերպություններին, բոլորը պետք է սթափ գնահատեն իրավիճակը և դատապարտեն Ադրբեջանին»:
Շարունակելով միտքը, հերթական անգամ պաշտպանության նախարարը շեշտեց՝ Հայաստանը ՀԱՊԿ-ի աջակցության կարիքը չունի և, որ նման առաջարկ մեր կողմից կլինի միայն լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեպքում:
Նմանօրինակ պատասխան հնչեց նաև Արցախի տարածքում խաղաղապահների տեղակայման ՌԴ նկրտումներին ի պատասխան.
«Առանց որևէ երրորդ ուժի՝ մարտական ոգու և պատրաստվածության շնորհիվ կարողանում ենք մեր առջև դրված խնդիրները լուծել ինքնուրույն, խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք չկա»:
Անդրադառնալով սպառազինությունների մրցավազքին և ռազմատեխնիկական համագործակցություններին, Սեյրան Օհանյանը նշեց, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է, իսկ Ադրբեջանն իր իսկ ստի զոհը դարձավ: Այսինքն՝ ադրբեջանական բանակը լայն թափով սպառազինվում է, բայց այդ զենքերն օգտագործող է պետք.
«Այսօրվա փորձը ցույց է տալիս, որ իրենք պատրաստ չեն կիրառել այդ ամենը, մինչդեռ հայկական զինված ուժերն առավել պատրաստված են գիտելիքների և ունակությունների առումով, ըստ այդմ՝ տարածաշրջանում մրցունակ են և կարող՝ լուծելու իրենց առջև դրված անվտանգության խնդիրները»,- ամփոփեց նախարարը:

Комментариев нет:

Отправить комментарий