вторник, 26 августа 2014 г.

ՀՀ ՊՆ. Հայ դիվերսանտի մասին լուրն ապատեղեկատվություն է

ՀՀ Զինված ուժերն առօրյա ծառայություն են իրականացնում, իսկ հայ դիվերսանտի մասին ադրբեջանական լուրն ապատեղեկատվություն է: Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, գրում է Panorama.am-ը:

Նախօրեին ադրբեջանական կայքերը տեղեկատվություն են տարածել, թե օգոստոսի 26-ին Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել ՀՀ քաղաքացի՝ հավելելով, որ նրա տվյալներն առայժմ ճշտել չի հաջողվել։

Նշվում էր, որ քաղաքացին 53-54 տարեկան է, նա մոտ 20 րոպե մնացել է Քեմերլիի գյուղացիներից մեկի տանը, ապա ադրբեջանցի զինվորականները եկել ու տարել են նրան։ Ադրբեջանական որոշ կայքեր շտապել են նրան դիվերսանտ որակել:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ տեղեկություններ կան՝ օգոստոսի 26-ին՝ օրվա երկրորդ կեսին, անծանոթ անձը մոտեցել է Նոյեմբերյանի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետերի պայմանագրային զինծառայողների ուղղությամբ, ներկայացել որպես ոսկեվանցի, խոսել աղավաղված հայերենով, սխալ շեշտադրումներով, թույլտվություն խնդրել մոտենալ մեր դիրքապահներին: «Երբ մեր դիրքապահները հարցուփորձ են արել, նա չի կարողացել պատասխանել և փախել է ադրբեջանական կողմի ուղղությամբ»,- ասել է Աբովյանը: Հատկանշական է, որ որևէ բացակայող չկա նաև Ոսկևանում, գրում է Tert.am-ը:
Ադրբեջանն արդեն որերորդ անգամ առիթը բաց չի թողնում հայ դիվերսանտների մասին հայտարարություն տարածելու համար: Օրինակ՝ օգոստոսի 7-ին Թովուզի շրջանում Կարեն Պետրոսյանը Չինարիից հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու ձերբակալվել, այնուհետև օգոստոսի 8-ի առավոտյան «հանկարծամահ եղել»։ Որպես մահվան պատճառ նշվում էր «սիրտ-անոթային անբավարարությունը»։ Նրա դին մինչև օրս չի վերադարձվել հայկական կողմին:

Մինչև այդ Ադրբեջանի ՊՆ-ն լուսանկարներ ու տեսագրություն էր տարածել, որտեղ Կարեն Պետրոսյանին, ռազմական համազգեստ հագցրած, բռնի ուժով բերում էին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովի մոտ՝ փորձելով Չինարիի բնակչին որպես «դիվերսանտ» ներկայացնել։ Մինչդեռ Չինարիի գյուղապետը հաստատել էր, որ գերին իրենց համագյուղացին է, քաղաքացիական անձ է։


Օգոստոսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ընթացքում Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրգործ:

Комментариев нет:

Отправить комментарий