понедельник, 6 октября 2014 г.

Բացվել է «Կալաշնիկով» կոնցեռնի ներկայացուցչությունը

Հոկտեմբերի 3-ին «Ասպար արմս» ընկերության կենտրոնական գրասենյակում, որը ներկայումս հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության «Կալաշնիկով» կոնցեռնի տարածաշրջանային սպասարկման կենտրոնը, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում կոնցեռնի ներկայացուցչության բացման արարողությունը:
Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպաներ, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «Ռոսօբոռոնէքսպորտի» և «Կալաշնիկով» կոնցեռնի լիազոր ներկայացուցիչներ: Շնորհավորական խոսքով հանդես եկած «Ռոսօբոռոնէքսպորտի» գլխավոր տնօրենի խորհրդական Ալեքսանդր Բելոուսովը, դեսպան Իվան Վոլինկինը, պաշտոնատար այլ անձինք կարևորեցին սպառազինության և ռազմական տեխնիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Այդ համագործակցությունն արժևորեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՀՀ և ՌԴ միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը: Կարծում եմ, որ ստորագրված բոլոր համաձայնագրերը մեծ կարևորություն են տալիս մեր հարաբերություններին, հատկապես ռազմատեխնիկական բնագավառում, և համատեղ ձեռնարկությունների ու նման կոնցեռնների ստեղծումը հիմք է հանդիսանում մեր հարաբերությունների խորացման համար: Անձամբ իմ և ՀՀ ղեկավարության անունից շնորհավորում եմ այս կարևորագույն իրադարձության կապակցությամբ` ցանկանալով նորանոր հաջողություններ: Կարծում եմ, որ այս ամենը կծառայի տարածաշրջանային անվտանգության և բոլոր այն խնդիրների լուծմանը, որ մենք իրականացնում ենք միասին»,-իր խոսքում նշել է Սեյրան Օհանյանը:
Արարողության ընթացքում ներկայացվել են «Կալաշնիկով» կոնցեռնի արտադրանմուշները` դիպուկահարների համար նախատեսված, հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից օգտագործվող հրաձգային զենքի տեսակներ, ատրճանակներ և այլն:

ԵՊՀ ուսանողների հետ անցկացվել են հրաձգության դասընթացներ

ՀՀ պաշտպանության նախարարի կարգադրությամբ, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի 2013-2014թ. համագործակցության պլանի համաձայն՝ ԵՊՀ ուսանողների հետ անցկացվում են հրաձգություն դասընթացներ:

2014-ի հոկտեմբերի 5-ին ԵՊՀ շուրջ 30 ուսանողի հետ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպվել են անվտանգության կանոնների, հրաձգային զինատեսակների վերաբերյալ հրահանգչական-մեթոդական պարապմունքներ: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, ԵՊՀ ուսանողները Նուբարաշենի հրաձգարանում ունեցել են գործնական հրաձգության ստուգողական վարժություններ:

Համագործակցության նպատակն է ամրապնդել համալսարան-բանակ կապը և բարելավել ուսանողների կրակային պատրաստության մակարդակը:

среда, 1 октября 2014 г.

ՌԱԶՄԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՕՂԱԿ

Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպելով Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին մասնավորապես անդրադարձել է 2014 թ.-ին ՀՀ զինված ուժերում կատարված աշխատանքներին եւ նշել, որ ուշադրության կենտրոնում եղել ու մնում է սահմանային ծառայությունն ավելի լիարժեք, մարտական հերթապահությունն առավել անվտանգ դարձնելուն ուղղված միջոցառումները: Նախարարը շեշտել է, որ ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները մարտական հերթապահությունից կարճ ժամանակահատվածում պաշտպանության անցնելու համար, ուշադրություն է դարձվել ԶՈՒ կառավարման համակարգին, մարդկային ներուժի կառավարմանը, ռազմական կրթությանը, կադրային քաղաքականությանը, համալրման գործընթացին:


Ավելին՝ այստեղ. ՌԱԶՄԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱԿԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՕՂԱԿ