ՀՀ ԱԺ խմբակցությունների համատեղ հայտարարությունը՝ առաջնագծում լարվածության առնչությամբ
Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի
շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Վերջին օրերին
ադրբեջանական կողմը բազմիցս փորձել է ներթափանցել հայկական դիրքեր և
դիվերսիոն գործողություններ իրականացնել, տարբեր տրամաչափի զենքերից
պարբերաբար գնդակոծվում են հայկական խաղաղ բնակավայրերը:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ձգտում է օգտվել
աշխարհաքաղաքական նոր իրողություններից և նման արկածախնդիր հարձակումներով
ձախողել ԼՂՀ հիմնահարցի խաղաղ կարգավորման հնարավորությունը: Ադրբեջանի
ղեկավարության’ իրավիճակին ոչ համարժեք և անպատասխանատու կեցվածքը հակասում
է ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային հանրության’ հակամարտությունը խաղաղ
բանակցությունների միջոցով լուծելու սկզբունքին:
Հերթական անգամ հայկական ուժերի հարկադրված պատասխան գործողությունների
շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել’ տալով զոհեր և վիրավորներ: Մեր
հայրենիքի սահմաններին կանգնած զինվորներն ապացուցեցին, որ մշտապես
համարժեք պատասխանով Ադրբեջանին թույլ չեն տալու ռազմական գերակշռության
հասնել: Այդ սադրանքների ընթացքում հայ զինվորը ցույց տվեց իր մարտական
բարձր պատրաստականությունն ու անմնացորդ նվիրվածությունը հայրենքի
պաշտպանության գործին:
Մեր ժողովրդի հետ սգում ենք զոհված հերոսների կորուստը և ցավակցում
նրանց հարազատներին ու մտերիմներին: Նրանց անունն ու սխրանքը վառ պահելը
ամենքիս խնդիրն է:
Ստեղծված իրավիճակում բացառիկ կարեւորելով հայ հանրության
համախմբվածությունը Հայաստանի զինված ուժերի շուրջ՝ ՀՀ ԱԺ
խմբակցությունները կոչ են անում.
• ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին’ գործնական քայլեր ձեռնարկել
Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապատեության և Ադրբեջանի
Հանրապետության սահմանագծից դիպուկահարների հետ քաշման, միջադեպերի
քննության և ժողովուրդների միջև ատելություն սերմանող հայտարարությունների և
գործողությունների բացառման ուղղությամբ:
• Միջազգային կազմակերպություններին և պետություններին’ հրաժարվել
ընդհանուր գնահատականներից, կողմերի միջև հավասարություն դնող մոտեցումից և
դատապարտել Ադրբեջանի’ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու միտված
նախահարձակ ու սադրիչ գործողությունները: Դադարեցնել ռազմական
արկածախնդրության հակված Ադրբեջանին մեծաքանակ սպառազինության վաճառքը,
ինչը հակասում է վերջնական խաղաղություն հաստատելու ջանքներին:
Միաժամանակ հայտարարում ենք, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը
շարունակի իր ապակառուցողական գործելաոճը, իրադարձությունների
անկանխատեսելի զարգացման ամբողջ պատասխանատվությունը կրելու է միայն ինքը:
Հայ ժողովուրդն ու հայ զինվորը ապացուցել և ապացուցելու են, որ պատրաստ են
ապահովել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը:
ՀՀ ԱԺ խմբակցությունները միասնական են Հայոց բանակին և մեր զինվորներին սատարելու հարցում:
Հայաստանի Հանրապետական խմբակցություն
Բարգավաճ Հայաստան խմբակցություն
Հայ Ազգային Կոնգրես խմբակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցություն
Ժառանգություն խմբակցություն
Օրինաց Երկիր խմբակցություն
Комментариев нет:
Отправить комментарий