среда, 9 июля 2014 г.

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ՉԻ ՆԱՀԱՆՋԵԼ»


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելեց ՀՀ ԶՈՒ լավագույն զորամասերից մեկը` տեղակայված հարավարեւմտյան սահամանագոտում: Նախարարին ուղեկցում էին նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Առաջնագծում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Սեյրան Օհանյանը նշեց, որ հակառակորդի ակտիվությունը` դիվերսիոն հարձակումներ, զինադադարի խախտման դեպքեր, պատերազմի վերսկսման մասին լուրերի պատճառ են դառնում. «Տարածաշրջանում քաղաքական ամենափոքր փոփոխությունն անգամ հակառակորդի քաղաքական վերնախավին առիթ է տալիս դիմելու «համարձակ գործողությունների», սակայն նրանց բոլոր դիվերսիոն գործողությունները տապալվում են, եւ հայ զինվորն առ այսօր ոչ մի քայլ չի նահանջել: Ամեն օր սահմանում հայ զինվորն ու հրամանատարն սխրանքներ են գործում: Զինվորականի մասնագիտությունը հերոսական է, բայց մեր զինվորները համեստ են իրենց կեցվածք-պահվածքով, նրանք իրենց պարտականությունները կատարում են փայլուն եւ անտրտունջ, առանց որեւէ ակնկալիքի, մենք պետք է ուշադիր լինենք եւ կարողանանք տեսնել, ներկայացնել ու ըստ արժանավույն գնահատել նրանց»:

Սեյրան Օհանյանը նշեց, որ եթե ադրբեջանական կողմը շարունակի նույն ոգով, ապա պատասխան հարվածը լինելու է ցավոտ, անհամաչափ և հուժկու, սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումների պարագայում էլ հայկական կողմը կրակելու է ոչ թե խաղաղ բնակչության ուղղությամբ, այլ` նրանց զինծառայողների. «Պաշտպանության համար պատասխանատու պաշտոնյան հանձնարարություն տալուց առաջ պետք է կարողանա սթափ գնահատել իրադրությունը: Նրանք պետք է հաշվի առնեն, որ հանձնարարությունները կարող են ձնագնդի էֆֆեկտ ունենալ եւ եռապատիկ պատասխանի արժանանալ: Ցանկացած  հրաման արձակելուց պետք է նկատի ունենան, որ գործ ունեն զինծառայողի կյանքի հետ: Չգիտեմ` Ադրբեջանի ղեկավարությունը բարոյական ի՞նչ նորմերով է ուղղորդվում, միգուցե նրանք իրենց աշխատասենյակներում նստած համակարգչային խաղ են խաղում հրամաններ արձակելիս, բայց մեզ համար յուրաքանչյուր զինծառայողի կյանք, անվտանգություն բացարձակ արժեքներ են»: 


Լուսանկար` Արեգ Վարդանյան ("Հայզինվոր")

Комментариев нет:

Отправить комментарий