Հայրենիքի համար զոհված հայ զինվորների հիշատակին
Սպիտակ ժայռերի մեջտեղում մի քաղաք էր ծվարել, որի կենտրոնից դեպի երկինք էր ձգվում սպիտակ եկեղեցին՝ գմբեթի խաչին հառելով հավատով լի աչքեր:
Բնակիչների փոքր քանակությունը կարծես ճիշտ հաշվարկով լրացնում էր նույնչափ փոքրիկ հողակտորը: Կյանքի ռիթմը համաչափ տարածվում էր քարերից մինչև մանուկների անմեղ աչքերը: Խաղաղ էր քաղաքը, բնակիչների ամենօրյա հոգսերի, երեխաների ուրախ քրքիջների ձայնով: Օդում քամին հանգիստ սավառնում էր, ոչ մի ահաբեկող շունչ չկար նրա թռիչքի մեջ: Մի ակնթարթում լռեց քաղաքի սրտի զարկը, երկնքի ջինջ կապույտը կուլ գնաց մռայլին, ու սարսափը զրնգաց եկեղեցու զանգերի մեջ: Քաղաքին շատ մոտ ապրող Օտարը որոշեց խլել քաղաքի անդորրը: Բայց քաղաքը բնությանն էր, նրա լիարժեքությունը պահող մի մասնիկ ու հենց այնպես չէր կարող ջնջվել: Հսկա ժայռերը կծկվել փոքրացել էին ու սպասում էին, թե ով կհաղթի:
Աստված լուռ էր, սպասում էր, ուզում էր տեսնել, թե ո՞ւր կհասնի իր իսկ կողմից ստեղծած էակը: Մարդու արարքներից զարմանալու հատկությունը Աստված վաղուց էր կորցրել ու չէր հասկանում, թե ինչո՞ւ այդքան շուտ են տրվում սևին, չէ որ նա լույս ու սեր էր դրել մարդու մեջ: Մի՞թե սխալվեց, երբ մարդուն տվեց ազատ ընտրության հնարավորություն:
Մարտիկի շորեր հագած ամուր բազուկներով տղան Հայկի ցեղակից էր: Արյան մեջ ուներ անարդարությունների, զավթումների ու խոշտանգումների դեմ պայքարելու ծարավ: Նա իր ոտքերի ամրությունը զգում էր այդ հողի վրա ու այդ հողը պաշտպանելը նրա համար արդարացված էր: Նա հավատում իր անմեղ հոգու փրկությանը ու հավատը վահան դարձրած` առաջ վազեց: Մտքում մեղա եկավ Աստծո առաջ, բռունցքի մեջ սեղմեց խաչը, ծնողների ու սիրելի էակի աչքերը վառվեցին նրա աչքերում, ներողություն խնդրեց նրանցից ու կարծես ավելի հզորացավ, քանզի նրա պայքարը փրկության համար էր:
Երբ պայթեց առաջին ականը, և գնդակները երկու կողմից սկսեցին պատառոտել օդը, գորշ ծուխը ծածկեց երկնքի աչքերը, ու երիտասարդը, որ Աստված ուներ իր աչքերի մեջ, դուրս մնաց Աստծո տեսադաշտից: Հակառակորդի գնդակները մխրճվեցին նրա սրտի մեջ, ու արյունը տաք աղբյուրի նման դուրս թափվեց նրա կրծքից: Մի ակնթարթ չհավատաց, որ մահը մտավ իր մեջ… Ցավից ծնկի եկավ ու հայացքը ուղղեց վերև: Ծխի ու կրակի միջից սատանան քրքջաց նրա աչքերի առաջ՝ ասելով. «Ի՛մն ես»:
Տղան ափը դրեց վերքին` դուրս սահող կյանքի դեմն առնելու: Արյան շիթը հողի վրա փոս էր գոյացրել ու անկուշտ խմում էր կենարար ավյունը: Հողն ընդունում էր իր մի մասնիկին, ուզում էր կլանել նրան ու նոր արարում տալ այդ շնչին: Երիտասարդի աչքերում լույսը մթագնեց, հասկացավ, որ դա վերջն է, մի փոքր ձգվեց վերև, աչքերը լայն բացեց, ուզեց իր երկնակտորի պատկերը դաջել հայացքի մեջ:
Սատանան ավելի բարձր հռհռաց.
-«Դե, խոսիր, հիմա հասկացա՞ր, որ սուտ էր քո հավատքը… Ուզո՞ւմ ես կյանք տամ քեզ, որ հավատաս զորությանը ու դառնաս իմ հպատակը»:
Տղան ուժասպառ պառկեց, բռունցքի մեջ սեղմեց արնոտ հողը եւ խաղաղ շշնջաց.
-Աստվա՜ծ կա:
Սատանան զարկվեց ժայռի բեկորներին` ցրիվ տալով քարերը: Նրա չարության կեղևը ճեղքվեց: Արյան ծարավ Օտարը սկսեց առաջ սողալ, բայց հողը, որը սնվել էր հավատի ու անմեղության արյամբ, նրա ծանրությունը չհանդուրժեց:
Աստված արտասվեց…